4

Խորհրդավոր ծերունին. Հովհանես Թումանյան

  1. Կարդացեք Հովհ. Թումանյանի «Խորհրդավոր ծերունին» պատմվածքը, անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
  2. Ո՞վ էր խորհրդավոր ծերունին: Ոշադրություն դարձրեք հետևյալ հատվածներին.
  • — Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։
    — Քո ծնված օրից։
  • Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել…
  • — Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։
    — Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։
    — Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

*********

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝ առանց կանգնելու։

— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։

— Քո ծնված օրից։

— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։

— Վա՜հ, մի՞թե…

― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։

— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։

— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։

— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…

— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։

— Ինչ տեսակ մարդի՞կ…

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

— Վա՜յ, խե՜ղճ պապեր։

— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները…

— Ո՜վ բարի ծերունի։

— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու ամեն մեկը մի տեղ մնացել։

— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։

— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։

— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜, դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…

— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ։

— Ե՜կ, ե՜կ…

4

Ոսկի Քաղաքը. Հոնհանես Թումանյան

  • Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.
    • դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել
    • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին
      • ո»րն է եչջանկության բանաձև ըստ հեքիաթ։ Բացատի՛ր՝ ինչպես ես հասկանում։
        Այս պատմվածքի փոխաբերությունը Ոսկի քաղաքն էր: Ոսկի քաղաքը մի քաղաք չէր, որտեղ ամեն ինչ ոսկուց է, ինչպես Դիվանան էր կարծում: Երբ Դիվանան Քանաքարային պատմեց իր ստերը Ոսկի քաղաքի մասին Քանաքարան հասկացավ, որ նա ստում է, քանի-որ Դիվանան քաղաքը ներկայացրեց, որ ամեն ինչ ոսկուց էր, որ մարդիկ պարապ նստած ամեն տեղից ոսկի են քաղում և երջանիկ լինում, այդ խոսքերից էլ Քանաքարան հասկացավ, որ Դիվանան ստում է, քանի-որ Ոսկի քաղաքում ոչ մի ոսկի էլ չկար: Այնտեղ մարդիկ անդադար աշխատում էին, փորձում էին հասնել իրենց նպատակներին… Մարդիկ հպարտանում էին իրենց աշխատանքով և հենց այդպես էլ ստեղծվում էր նրանց երջանկությունը:

 

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ, — ասում է, — գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս, — ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք, — խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է, — հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է, — ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին, — բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարոդ է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դուա միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում, — ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը, — ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական, — հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է, — ասում է թագուհին, — երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը, — հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞, — քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը, — շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր, — բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է, — բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա, — խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի, — հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա, — անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր, — բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա, — խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է միառմի։

— Այժմ ես քոնն եմ, — բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

4

Իմ Թումանյանը

Թումանյանը կյանքում ինձ շատ մեծ օգուտ է տվել, մինչև հիմա էլ տալիս է և մինչև վերջ կտա: Ծնված օրվանից իմ ականջին հասել են իր խոսքերն ու հեքիաթները իհարկե ծնողներիս օգնությամբ: Ծնված օրվանից մինչև այսօր ես կարդում և լսում եմ Թումանյանին և մինչև կյանքիս վերջ կլսեմ իրեն: Այն ամենաառաջին ստեղծագործական մտքերը, որոնք ինձ հասել են, դա Թումանյանի մտքերն էին… Մինչև հիմա կարդալիս կամ լսելիս նրա գրերը դեմքիս մեղմ ժպիտ և փոքր արցունքներ են առաջանում, և դա անկախ ինձանից: Ես հպարտանում եմ, որ հայերը ունեն քեզ նման ստեղծագործ, բանաստեղծ՝ Հովհանես Թումանյան: Կուզեի լսել քո ձայնը, կուզեի լսել քո մտքերը հենց քո ձայնով, քանի-որ հիմա ոչ մի էակ չի կարող արտասանել քո մտքերը այնքան խոր սրտով ինքան դու կարող էիր ու կարող ես: Շատ բան ես տվել մեր ամբողջ հայ ազգին և ոչ միայն: Իմացիր, որ բոլոր-բոլորը կարդում ու հիանում են քո մտքերով և գրերով, բոլորը միասնական են դառնում քո մտքերը ընթերցելիս: Թվում է, որ Թումանյան ընթերցելիս բոլորը դառնում են խաղաղ, միասնական, սիրում են իրար և դա հենց Թումանյան ընթերցելիս: Շնորհակալ եմ քեզ այն ամեն մի գրի, մտքի, ստեղծագործության համար, որ պարգևել ես մեզ, որը լսելիս, կամ ընթերցելիս բոլորս կտրվում ենք աշխարհից, այդ պահին միայն պատկերացնում ենք, միայն ժպտում, հուզվում և հպարտանում ենք… Շնորհավոր 150 ամյակդ Հովհանես Թումանյան, իմացիր, որ դու անվերջ բոլոր հայերի սրտերում ես…

4

Հայոց վիշտը… Հովհանես Թումանյան

Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին

Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ

Ոչ խորքերն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեց ծովի մեջ
Տառապում է իմ հոգին

4

Հովհանես Թումանյան: Քառյակներ

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
**********

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
**************

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

**************

Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։
****************

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
******************

Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
********************

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։

********************

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
**************************

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

********************

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
***********************

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
***********************

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
*********************

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

*********************

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
************
Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

************

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

4

Հովհանես Թումանյան. Պատրանք: Զգույշ պետք է լինել

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

2. Քննարկել Հովհ. Թումանյանի «Զգույշ պետք է լինել» հոդվածը:

Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյաը թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց՝ հրապարակական քննության նյութ առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը։ Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն, կրկին պատճառներով․ առաջինը, որովհետև այդպես չի, երկրորդը, որ տգեղ է։

Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ։ Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք։ Եթե դուք զալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այղ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ է։ Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր գրողներին այդպիսի դեպքերում։ Բայց թողնենք օտարներին։ Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար, որ այդպես լիներ, եթե ոչ հենց ինքը գրողը։ Ամեն մինը, որ կարծում է, թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու կարծում է, թե միայն գրողն է, որ չի գգում այդ։ Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը։

Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգանքը։

Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի, պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը, այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար։

Տողերիս գրելու առիթը տվեց «Тиф. листок»-ում տպած մեր սիրելի նկարիչ Գ․ Բաշինշաղյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով, որի մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին, թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանր տպավորություն է անում։

Ցավում ենք մանավանդ, որ Բաշինջաղյանն է այդպես խոսում։

Զգույշ պետք է լինել։

Այս հոդվածը նրա մասին էին, որ պետք է զգույշ լինել մարդուն վիրավորելու հարցում: Շատ մարդիկ այս դեպքում հենց գրողներին նվեր նվիրելուց նշում են, որ իրենք վատ վիճակում են, հաշվի չառնելով, որ գրողները զգում են վիրավորանքը, որ իրենք էլ ինքնասիրություն ունեն: Նաև Թումանյանը հոդվածում նշել էր, որ իր գրելու առիթը տվեց նկարիծ Գ. Բաշինջաղյանի տողերը, որտեղ նա շնորհավորում էր Շիրվանզադեի տարեդարձը, և այնտեղ նշել էր իր նյութական ունեցվածքը, և շատ Թումանյանը նշել էր, որ չէր սպասում այդ տողերին Բաշինջաղյանի կողմից: Զգույշ պետք է լինել, մարդկանց հետ շփումից, որպեսզի չվիրավորել նրան…