Նա մեզ գաղափարախոսություններ, պատմություններ և հեռանկարներ է հղել: Վանո Սիրադեղյան 75

Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության ամենաառեղծվածային և շատ մեծ գործունեություն վարած քաղաքական գործիչներից է: Կարծում եմ, որ նրա գործունեությունը և դրա հետևանքները կարևոր բնույթ են կրում, որը պետք է ուսումնասիրել: Շատերն են ասում, որ նա մեր քաղաքական պատմության մեջ եղել է հակասական կերպար: Նրա մասին ժողովրդի կողմից եղել են տարբեր ընկալումներ և կարծիքներ: Նա և՛ կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ, և՛ կապվում է կարևոր և լավ քաղաքական գործիչ լինելու, ճիշտ ճանապարհով գնալու և լավագույն արձակագիր լինելու հետ: Մինչև մահը Վանո Սիրադեղյանը գտնվել է միջազգային հետախուզման մեջ: 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով:1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Վանո Սիրադեղյանի փախուստը, ինչից մղվել է նրա միջազգային հետախուզումը մինչև մահ:

Ոչ շատերն են ճիշտ պատկերացում կազմել, կամ ուսումնասիրել Վանո Սիրադեղյանի անձը, գաղափարախոսություններն ու գործունեության ձևերը: Ինչպես գիտենք նա եղել է նաև արձակագիր և բավականին մեծ գրություններ է հղել Հայաստանին, քաղաքական գործիչներին և ժողովրդին: Պարզ չէ, թե արդյո՞ք գրել է հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, բայց այն ամենը, ինչը թողել է մեզ դրանից առաջ ևս կարևոր և շատ հետաքրքիր են: Նրա գաղափարախոսությունները պետության, պետության հզորացման, Հայաստանի պատմության, իրադրությունների, ապագայի վերաբերյալ այսօր կարդալով շատ բան կարելի է հասկանալ, վերլուծել, մտածել.

Պետությունը չի կարող լինել կազմակերպված

Ո՞նց եք կարոտել, հարգելիներս, սովետական ձեր ջահելությանը, երբ ոչ միայն չալաղաջը բոլ էր, այլեւ երբ դեռ թե՛ կլիմաքսն էր յոթ սարի ետեւ եւ թե՛ իմպոտենցիան էր աներեւակայելի հեռու։ Եւ, բնականաբար, այդ ժամանակների անձրեւը սիմֆոնիա էր, ոչ թե ռեւմատիզմի բուն, ձյունը թոքաբորբի առիթ չէր, այլ գալիս էր, որ դահուկ քշենք ու ձնագնդի խաղանք մեր քարտուղարուհու-ասպիրանտուհու հետ, սառը ջուրը ճակատին թրջոց դնելու համար չէր, այլ պարզապես խմելու, իսկ շոգը մի ավելորդ անգամ դոշութիկունք մերկացնելու պատրվակ էր, ոչ թե՝ որ ծերացած շան նման դեպի ստվերը քարշ գաս ու հեւաս՝ լեզուդ դուրս գցած։ Այդ ջահելությունն էր անդարդ, ոչ թե սիստեմն էր լավը, անաստվածներս։

Իսկ «ազգային» կամ բանդիտական, կամ ըստ նախասիրության, հասարակ կազմակերպության (ասենք, «Արաղը թթու խիարով գերադասողների ընկերության») սկզբունքով կոնսենսուսի եկող հասարակությունն ու դրանով առաջնորդվողը իրեն քշում է անիրավության ծուղակը։ Այսինքն, դու որպես ազգ ու հասարակություն քեզ քշում ես լուսանցք, քեզ դնում ես օրենքից, կամ բոլորին հասկանալի, ընդունված կանոններից դուրս եւ ներսում՝ քո Արմենիքենդում, քո Գլենդելում, քո Բուրջ Համուդում, քո Հավլաբարում, քո Հայաստանի Հանրապետությունում հարաբերվում ես մեծ աշխարհին անհասկանալի կանոններով՝ «ճշտով» «կազմակերպվածորեն» եւ այլն։ Բայց սրանք «Չայնա Թաունի», «Տաբորի», «Բոշի թաղի», վերջին հաշվով՝ բանդայի ապրելու կարգ է, ոչ թե ազգի ու պետության։

Ընտրությունները չեն լինում թափանցիկ կամ անթափանց, այլ լինում են փակ եւ բաց։ Այսինքն, փակն էլ կարելի է բացի նման անել, բայց երբ դու ուզենաս բացատրել Արբիտրին, թե ինչի մասին է քո մտահոգությունը, չես կարող այդ բանը անել, որովհետեւ նախապես չես ընդունել հանրությանը հասկանալի եւ հանրության կողմից ընդունված կանոնները։ Կամ՝ գիտական սահմանումները։ Գիտական՝ այն իմաստով, որ դեմոկրատական պրոցեդուրաները օպտիմալության հասցնելու վրա տասնյակ ժողովուրդներ եւ միլիոնավոր մարդիկ մի քանի հարյուր տարի կյանք են դրել ու արյուն են թափել եւ հանգել ձեւակերպումների, որոնք առավել քիչ են ենթակա մեկնաբանությունների, հետեւաբար եւ՝ խեղաթյուրումների։ Այն էլ նորություն չէ, որ ամեն բանդիտական խմբավորում սկսում է «կազմակերպվելուց», եւ ամեն ստահակ «կազմակերպված» մագլցում է «ազգային շահի» պատվանդան։

Ազգային֊ազատագրական պայքարը մնաց 20֊րդ դարում

Եղել վերջացել է։ Որ մեր հողերի ու մեր արյան գինը արդեն տվել են 1918 թվականին, վավերացրել 1920 եւ վերահաստատել 1990 թվականներին։ Իհարկե, քիչ է։ Բայց գինը մի բան է, որ չի որոշվում միակողմանի։ Եւ որքան էլ մեր ազգային արժանապատվության համար վիրավորական լինի, պիտի փաստել, որ անցած դարասկզբին ձեռք բերած պետականությունը ոչ թե արդյունք էր մտածված իրագործվող ազատագրական պայքարի, այլ ավելի շուտ, հատուցումն էր ձախողված ապստամբության հետեւանք Եղեռնի:


Ո՞րն է պահանջատիրության գաղափարախոսության ողջ սնանկությունը, որ այն, հակառակ պատմական օրինաչափության, հակառակ ազատագրական պայքարի տրամաբանության, փորձում է գոյությունը քարշ տալ ազատագրական պայքարի (լավ թե վատ) ավարտից հետո՝ պարազիտանալով անկախ պետության մարմնի վրա։ Իսկ ազգային֊ազատագրական պայքարի տրամաբանությունն այն է, որ այն շարունակական չի լինում։ Այն, ինչ երազում են տգետները, ոչ թե ազատագրական պայքարի շարունակություն է կոչվում (մի բան, որ չի լինում առհասարակ), այլ նվաճողական պատերազմ (կարելի է համարել վերանվաճողական), որը կարող է վարել Հայաստանը միայն գերհզոր պետություն դառնալու դեպքում։

Ամբողջ զավեշտը այն է, որ հայերը իրենց շփոթում են քրդերի հետ։ Քրդերի ազատագրական պայքարը ունի այն նպատակը, ինչ ամեն մի ժողովրդի ազատագրական պայքարը՝ Անկախ պետության ստեղծումը։ Քրդերի պայքարը շարունակվում է, որովհետեւ դեռ չի հասել նպատակին։ Մերը հասել է նպատակին։ 83 տարի առաջ։ Քիչ է թե շատ է,— դա այլեւս զգացմունքների ոլորտն է։ 

Երբ վերինների խելքը չի հասնում, ներքևիների էլ՝ տանձին չի

Այսօր զորքերը դուրս են եկել մի ամբողջ շրջանից, սահմանը չի բացվում. ինչո՞ւ: Ինչո՞ւ է Թուրքիան հարյուրապատիկ կարծրացրել դիրքորոշումը եւ պահանջում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ողջ տարածքից: Բացատրությունը մեկն է. Հայաստանի այս չորս տարիների արտաքին տխմար քաղաքականությունը աներեւակայելի չափերի ամրապնդել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում: Բայց ի՞նչ են ստացել իշխանությունները մի շրջան, այսուհանդերձ, տալու դիմաց:


Դաշնակցությունը դարձյալ անելիք չունի

Պատասխանատվությունից հրաժարվել երեք տարիներ բանակցությունների մասին գլուխ տանելուց հետո այլ բան չի նշանակում, քան ընտրել պատերազմի ուղին։ Իսկ պատերազմի գնալ երեք տարի երկրի տնտեսական, բարոյա֊հոգեբանական, ռազմա֊քաղաքական ներուժը պառակտելուց հետո — նշանակում է կանխամտածված գնալ վաղօրոք տանուլ տված պատերազմի։ «Տարբերակներից մեկը» պաշտպանելու մասին դաշնակցականների քրթմնջոցը չի հակասում պատերազմի գծին։ Նրանք շատ լավ էլ գիտեն, որ ոչ մի «Ընդհանուր պետություն» էլ չկա։ Համենայնդեպս, չի եղել Ալիեւի համար, ինչը ապացուցվեց Մեջլիսի քննարկումներով։ Իսկ եթե մի բան գոյություն չունի կողմերից մեկի համար, ի՜ նչ բանակցությունների մասին է խոսքը։

 Իր բնույթով, բազմաթիվ ազգերի մեջ գոյատեւելու օբյեկտիվ պրոբլեմներ ունենալով՝ Դաշնակցությունը չի կարող հազարումի կասկածելի կապերով կապված չլինել պետական ու ոչ պետական կասկածելի ուժերի հետ, եւ, բնականաբար, չի կարող ամենատարբեր կախվածություններ չունենալ։ Դա այդ կուսակցության գոյատեւման երաշխիքն է։

Եթե այդպիսի բազմադեմությամբ նա կարող է օգտակար լինել բազմադեմ Սփյուռքին, ապա հայկական պետությունը դրանից միայն կվտանգվի։ Բայց հայ քաղաքական (նաեւ ոչ քաղաքական) ուժերի միջեւ աշխատանքի այս բաժանումի անհրաժեշտության գիտակցությունը պիտի դաջվի նախ հայ հասարակական֊քաղաքական մտքի գորշության վրա։Ծանր խնդիր է, քանի որ (որքան էլ վիրավորական է մեր ազգային ինքնագիտակցության համար) Դաշնակցությունը ամենահայկական կազմակերպությունն է՝ ազգային արատների խտացած պատկեր։ Ավելի հայկական անհնար է պատկերացնել։

Այդ հոդվածները, գաղափարախոսությունները, տեսակետները, որոնք Վանո Սիրադեղյանը բավականին բարդ քաղաքական շրջանում փոխանցել է ժողովրդին և քաղաքական գործիչներին, պետք է կարևոր համարվի բոլորի կողմից: Նա չի եղել Հայաստանում հետագա բարդ շրջաններում և ցավոք մենք չենք լսել նրան: Եվ հիմա մենք պետք է շարունակենք հիշել և վերլուծել իր գործունեությունը: Եվ որքան էլ նա եղել է հակասական դերում Հայաստանի քաղաքականության մեջ, ոչ հասանելի ներկայիս սերունդների համար, սակայն ինչպես ասացի նա մեզ գաղափարախոսություններ, պատմություններ և հեռանկարներ է հղել, որոնք պետք է ուսումնասիրված, ընկալված և վերլուծված լինեն մեր կողմից:

Թողնել մեկնաբանություն