Հասարակագիտական ստուգատես 2022: Ամփոփում

Այս տարի սկսվեց և արդեն իր ավարտին հասավ հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսային շրջանը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հաջողությամբ իրականացրեցինք մեր ծավալուն հասարակագիտական ստուգատեսը՝ «Հասարակագիտական ստուգատես 2022»-ը, որը ինչ-որ չափով կարելի է յուրահատուկ համարել: Բավականին հետաքրքիր կլոր սեղաններով, բաց քննարկումներով լի ստուգատես ունեցանք, և այն հասավ իր ավարտին, սակայն միայն օրացուցային: Կարծում եմ՝ հասարակագիտական ստուգատեսը այնպիսի բնույթ է կրում, որ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում շարունակական ընթացք ունի և, իհարկե, լավ է, որ ունենք հենց դրան տրամադրված որոշակի ժամանակահատված, երբ ստուգատեսային ընթացքը ավելի խիտ ակտիվություն ունի: Ես ինքս, որպես Ավագ դպրոցի սովորող, վարում եմ հասարակագիտական ակտիվ գործունեություն, և ստուգատեսը բավականին ոգևորիչ ժամանակահատված է ինձ համար: Այս տարի շեշտն ավելի շատ դրված էր հենց կրթահամալիրում իրականացվող հասարակագիտական գործունեությունների, մրցույթների, դասընթացների և նախագծերի, դրանց արդյունքների ամփոփումների և ներկայացումների վրա, միևնույն ժամանակ հանդիպումների հրավիրյալ մասնագետների հետ։

Իմ ամփոփումով հիմնականում կներկայացնեմ ստուգատեսի այն ուղղությունները, որոնցում ավելի ակտիվ մասնակցություն եմ ունեցել: Ստուգատեսի օրացույցում կան շատ հանդիպումներ, տարբեր իրադարձություններ, քննարկումներ, որոնցում եղել եմ կազմակերպչի և վարողի, կամ այլ դեպքերում նաև ունկնդրի և առաջարկողի դերում:

Առաջին հերթին կուզեմ խոսել «Պատմության հեղինակային ծրագրեր»-ի և «Պատմության ընտրությամբ դասընթացներ»-ի ներկայացման մասին:
Այս երկու ուղղությամբ ունեցանք երեք կլոր սեղան, որոնցից երեքում էլ ունեի իմ ակտիվ մասնակցությունը:

Մարտի 10-ին կայացած «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը Ավագ դպրոցում կլոր սեղանին 10-րդ և 11-րդ դասարանների խմբերով ներկայացրինք մեր ընտրությամբ դասընթացները, յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր դասընթացի ծրագրերը, նախագծերը, արված աշխատանքները, ինչպես նաև խոսեցինք առկա խնդիրներից և հետագա անելիքներից: Խոսեցինք նաև երկու դասընթացների տարբերությունների և միմյանց կողմից արվող առաջարկների մասին:

Պատմության հեղինակային ծրագրերի վերաբերյալ ունեցել ենք կլոր սեղան մինչ հասարակագիտական ստուգատեսը, սակայն դա ևս համարում եմ դրա մի մասը: Փետրվար ամսից արդեն սկսել էինք 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերի ներկայացումները: Առանձին կլոր-սեղանի միջոցով ներկայացան և՛ 9-րդ, և՛ 10-րդ, և՛ 11-րդ դասարանների պատմության հեղինակային ծրագրերի համահեղինակները: Ես և Կարինեն, լինելով 10-րդ դասարանի պատմության հեղինակային ծրագրի համահեղինակ, ևս ներկայացանք կլոր-սեղանով, որը վերաբերվում էր 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրի ներկայացմանը, խնդիրներին, նպատակներին, իրավիճակին և առաջարկներին:

Այս ամենից հետո ստուգատեսի շրջանում ունեցանք արդեն միասնական կլոր սեղան՝ «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերը Ավագ դպրոցում: Կլոր-սեղանի ընթացքում  9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ծրագրերի համահեղինակներով միասին փորձեցինք ներկայացնել ծրագրի համընդհանուր իրավիճակը, խնդիրները, նպատակները, եզրակացությունները և միմյանց արվող առաջարկությունները: Բավականին հետաքրքիր և բուռն քննարկում ստացվեց, տարբեր միջամտումներով, առաջարկներով, նոր եզրակացություններով և լրամշակման ուղղություններով: «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագրերի թեման բավականին ծավալուն էր և, կարծում եմ, հետաքրքիր և կարևոր տեղ զբաղեցրեց ստուգատեսի օրացույցում։

Ստուգատեսի վերջին շաբաթվա ընթացքում նաև մեկնարկեց բավականին ծավալուն հասարակագիտական համագործակցային նախագիծ, որում ևս իմ մասնակցությունն ունեցա: Նախագիծը կոչվում է «Հայաստանի ապագան և նրա հարևանները», որը իրականացվում է «Ազատ խոսքի» և «Թուրքագիտական» ակումբների համագործակցության արդյունքում: Հասարակագիտական համագործակցային նախագծի ներկայացում-մեկնարկ կլոր-սեղանի ընթացքում մի փոքր մակերեսային ներկայացվեց նախագիծը և ակումբի անդամների կողմից, նախագծին վերաբերող կարճ թեմաների վերլուծություններով, տրվեց մեկնարկը: Նախագիծը բավականին ծավալուն և մի փոքր բարդ է, ստուգատեսը ինչ-որ չափով շարժիչ ուժ հանդիսացավ նախագծի մեկնարկի հարցում, իսկ նախագիծը, կարծում եմ, դեռ ծավալուն և երկարատև ընթացք կունենա:

Հասարակագիտական ստուգատեսի բավականին ծավալուն և կարևոր մաս կազմեցին Տիգրան Հայրապետյանական օրերը և «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի, կարծում եմ, այն իսկապես յուրահատուկ կերպ իրականացվեց:
Այս տարի ես, որպես բավականին ծավալուն հասարակագիտական-քաղաքացիական գործունեություն ծավալած սովորող, նույնպես առաջադրվեցի որպես «Տիգրան Հայրապետյան 2022» մրցանակի թեկնածու:

Առաջադրումներից և ինքնաառաջադրումներից բացի նշեմ, որ այս տարի Տիգրան Հայրապետյանի օրը՝ մարտի 18-ը շատ ավելի յուրահատուկ կազմակերպվեց, քանի որ այդ օրը կայանում էր Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գրքի շնորհանդեսը: Այս ամենը հաշվի առնելով՝ մարտի 18-ը բավականին հետաքրքիր օրակարգով իրականացրինք՝ օրը սկսելով «Տիգրան Հայրապետյանի օրը կրթահամալիրում» կլոր սեղանով, որտեղ մրցանակի առաջադրված սովորողները ներկայացրեցին «Պատերազմ և քաղաքականություն» գրքի՝ իրենց անհատական վերլուծական աշխատանքները, ինչպես նաև Տիգրան Հայրապետյանի այլ գրքերի հոդվածների վերլուծություններ: Ինքս ներկայացա «Պատերազմ և քաղաքականություն» գրքի հենց «Պատերազմ և քաղաքականություն» հոդվածի վերլուծությամբ: Օրը շարունակվեց «Պատերազմ և քաղաքականություն» գրքի շնորհանդեսով և «Տիգրան Հայրապետյան 2022» ամենամյա մրցանակաբաշխությամբ արդեն կրթահամալիրից դուրս, իսկ օրվա ավարտը եղավ կրթահամալիրի Մարմարյա սրահում՝ «Ձոն Տիգրան Հայրապետյանին» մեդիաուրբաթ համերգով:

Այս տարի, որպես մրցանակի թեկնածուներ, ես, 11-րդ դասարանի սովորող Սոնա Բալայանը և դասավանդող Սամվել Թամազյանը արժանացանք «Տիգրան Հայրապետյան 2022» մրցանակին:

Ինձ համար Տիգրան Հայրապետյանի օրը իսկապես հասարակագիտական ստուգատեսի ամենատպավորիչ և հետաքրքիր դրվագներից էր, որը կրթահամալիրում կարևորվում է, այն ամենամյա է և ուրախ եմ, որ այս տարի այն այսքան ոգևորիչ, նորարարական և արդյունավետ իրականացվեց: Հասարակագիտական ստուգատեսի այս հատվածը շատերիս ոգևորեց և փոխանցեց լավ, դրական էներգիա։

Ի վերջո, կարծում եմ՝ իմ տեսանկյունից կարողացա պատշաճ ձևով ներկայացնել «Հասարակագիտական ստուգատես 2022»-ի յուրահատկությունը և ամփոփել այն: Եվս մե անգամ կրկնեմ, որ ստուգատեսը հասել է միայն իր օրացուցային ավարտին, սակայն իր հիմնական բովանդակությամբ այն շարունակական է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, և ինքս շարունակելու եմ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերել հասարակագիտական, քաղաքացիական տարբեր նախագծերի և նախաձեռնությունների ընթացքում: Հասարակագիտական ստուգատեսը դարձել է կրթահամալիրի ամենամյա ամենակարևոր և ծավալուն ստուգատեսներից մեկը և գրեթե ամեն տարի այն ենթարկվում է էլ ավելի հետաքրքիր փոփոխությունների, իսկ այս տարի այն սկսվեց և ավարտվեց մեծ եռանդով, մոտիվացիայով, ոգևորությամբ և մեծ էներգիայով:

Թողնել մեկնաբանություն